Հոդված 67. Պատիժ նշանակելը դատավճիռների համակցությամբ
Հոդված 67. Պատիժ նշանակելը դատավճիռների համակցությամբ
1. Եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատժի լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը:
2. Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը, եթե դա կապված չէ ազատազրկման հետ, չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակների համար սահմանված առավելագույն չափը:
3. Դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել երեսուն տարին:
4. Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը պետք է ավելի մեծ լինի ինչպես նոր հանցագործության համար նշանակված պատժից, այնպես էլ նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից:
5. Դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատիժների միացումը կատարվում է սույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով:
6. Ցմահ ազատազրկում կրող դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու դեպքում նոր նշանակված պատիժը կլանվում է ցմահ ազատազրկմամբ:
(67-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)
⚖Հոդված 67.1. Պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում
1. Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաև նոր հանցագործության բնույթը, ծանրությունը և հետևանքները:
2. Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից:
Հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:
Հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից:
(67.1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-143-Ն)