Հոդված 184.1. Գրավառուին վնաս պատճառելը
Հոդված 184.1. Գրավառուին վնաս պատճառելը
1. Գրավ դրված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, թաքցնելը, օտարելը, վնասելը կամ որևէ այլ կերպ ոչ պիտանի դարձնելը, որով խոչընդոտվել է գրավառուի գույքային իրավունքի իրականացումը, և նրան պատճառվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կամ գրավառուին պատճառվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը:
(184.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-112-Ն)
⚖Հոդված 185. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
1. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը՝
1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով,
2) խոշոր չափերի վնաս է պատճառել,
3) կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ,
4) կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը՝
1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,
2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ,
3) առաջացրել է պատմական, գիտական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաների ոչնչացում կամ վնասում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
(185-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)