Հոդված 237. Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը
Հոդված 237. Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը
1. Իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելն այն անձի կողմից, ում հանձնարարված է եղել հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի պահպանությունը, եթե առաջացել են դրանց հափշտակում կամ ոչնչացում, կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք կամ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելիս օգտագործվող կամ դրանց օժանդակ նյութերի կամ սարքավորումների պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը, եթե դա անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(237-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)
⚖Հոդված 238. Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը
1. Հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
2. Միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք կամ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելիս օգտագործվող նյութեր կամ դրանց օժանդակ նյութեր կամ սարքավորումներ հափշտակելը կամ շորթելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: