Հոդված 224. Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ դրանց մասնակցելը
Հոդված 224. Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ դրանց մասնակցելը
1. Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ ղեկավարելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 222-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:
2. Օրենքով չնախատեսված զինված միավորմանը մասնակցելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: (224-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն)
⚖Հոդված 225. Զանգվածային անկարգությունները
1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով:
2. Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն:
3. (մասն ուժը կորցրել է 18.03.09 ՀՕ-53-Ն)
4. Զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
5. Սույն օրենսգրքում զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը:
(225-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ., փոփ., լրաց. 18.03.09 ՀՕ-53-Ն)