Հոդված 183. Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի
Հոդված 183. Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի
1. Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը՝
1) խոշոր չափերի վնաս է պատճառել,
2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,
2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
3) կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:
(183-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-67-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)
⚖Հոդված 184. Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով
1. Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը, եթե բացակայում են հափշտակության հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը՝
1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,
2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
(184-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)