Հոդված 332.5. Նոտարի գործունեությանը միջամտելը
Հոդված 332.5. Նոտարի գործունեությանը միջամտելը
1. Նոտարին նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ նրա գործունեությանը ցանկացած այլ եղանակով միջամտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
(332.5-րդ հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-184-Ն, խմբ. 18.09.20 ՀՕ-427-Ն)
⚖Հոդված 333. Սուտ մատնությունը
1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,
2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,
3) կատարվել է շահադիտական դրդումներով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
(333-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)
⚖Հոդված 334. Հանցագործությունը պարտակելը
1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը` հանցանք կատարած անձի, ինչպես նաև հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացված պարտակումը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 334.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Հանցանք կատարած անձի ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության նախապես չխոստացված պարտակման համար քրեական պատասխանատվության ենթակա չեն:
(334-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-67-Ն)