Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 212. Սպառողներին խաբելը

գործել է մինչև 2022-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 212. Սպառողներին խաբելը

1. Թերաչափելը, թերակշռելը, թերահաշվելը, ապրանքի (ծառայության) սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելը կամ այլ ձևով խաբելը՝ ապրանքներ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի կողմից առևտրի (ծառայությունների) ոլորտում, որը կատարվել է զգալի չափով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) խոշոր չափերով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հիսնապատիկի չափը, իսկ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը գերազանցող գումարը:

4.1. Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը, եթե այդ արարքը մարդու առողջության համար անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:

4.2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

(212-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 21.12.10 ՀՕ-222-Ն, լրաց. 14.09.11 ՀՕ-254-Ն)

&#9878Հոդված 213. Վաշխառությունը

1. Վաշխառությունը՝ պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը՝

1) որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ,

2) որը կատարվել է որպես արհեստ,

3) որը կատարվել է տուժողի անչափահաս լինելը կամ մտավոր զարգացման թերություններն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։