Հոդված 72. Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու դեպքում
Հոդված 72. Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու դեպքում
1. Առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հանցանք կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:
2. Այլ տեսակի հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է միայն սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով հատկապես նախատեսված դեպքերում:
(72-րդ հոդվածը փոփ. 23.06.11 ՀՕ-214-Ն)
⚖Հոդված 73. Քրեական պատասխանատվությունից ազատելը տուժողի հետ հաշտվելու դեպքում
Ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ հարթել է նրան պատճառած վնասը:
⚖Հոդված 74. Քրեական պատասխանատվությունից ազատելն իրադրության փոփոխման դեպքում
Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:
⚖Հոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.
4) տասնհինգ տարի՝ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից:
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Տևող հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է արարքը դադարելու, իսկ շարունակվող հանցագործության դեպքում` վերջին արարքը կատարելու պահից:
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:
4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից՝ քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:
4.1. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է նաև, եթե անձի հետ կնքվել է մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է համագործակցությունը դադարեցվելու կամ համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու մասին միջնորդությունը դատարան ներկայացնելու պահից:
5. Վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ ազատազրկում չի կիրառվում:
6. Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված՝ սույն օրենսգրքի 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված:
7. Սույն օրենսգրքի 132.2-րդ և 168-րդ հոդվածներով, ինչպես նաև անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված` սույն օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է տուժողի տասնութ տարին լրանալու պահից:
(75-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-103-Ն, լրաց. 12.11.13 ՀՕ-112-Ն, 05.05.21 ՀՕ-201-Ն)