Հոդված 342.2. Ուսումնասիրության տվյալները հրապարակելը
Հոդված 342.2. Ուսումնասիրության տվյալները հրապարակելը
1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացվող ուսումնասիրության առկայության, դրա ընթացքի կամ արդյունքների մասին տեղեկություններն առանց իրավասու մարմնի թույլտվության հրապարակելը՝
պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
(342.2-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-249-Ն, խմբ. 24.03.21 ՀՕ-151-Ն)
⚖Հոդված 343. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
1. (մասն ուժը կորցրել է 08.02.11 ՀՕ-40-Ն)
2. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
3. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:
(343-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-33-Ն, փոփ. 08.02.11 ՀՕ-40-Ն)