Հոդված 68. Պատժի ժամկետները որոշելը դրանք գումարելիս
Հոդված 68. Պատժի ժամկետները որոշելը դրանք գումարելիս
1. Հանցանքների համակցությամբ և դատավճիռների համակցությամբ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելիս ազատազրկման մեկ օրվան համապատասխանում է՝
1) կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու մեկ օրը.
2) (ենթակետն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-119-Ն)
3) հանրային աշխատանքների երեք ժամը:
2. Տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, ինչպես նաև գույքի բռնագրավման ձևով պատիժները կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, ազատազրկման հետ գումարելիս ի կատար են ածվում առանձին:
(68-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)
⚖Հոդված 69. Պատժի ժամկետները հաշվարկելը և պատիժը հաշվակցելը
1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման ժամկետները հաշվարկվում են ամիսներով և տարիներով: Հանրային աշխատանքների ժամկետը հաշվարկվում է ժամերով: Կալանքի ժամկետը հաշվվում է օրերով և ամիսներով:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված պատիժները փոխարինելիս կամ գումարելիս, ինչպես նաև պատիժը հաշվակցելիս ժամկետները կարող են հաշվարկվել օրերով:
3. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց, իսկ հանրային աշխատանքների դեպքում՝ մեկ օրը երեք ժամի դիմաց:
4. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու կամ այլ պետությունում կատարած հանցանքի համար դատարանի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու ժամանակ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի հիման վրա անձին հանձնելու դեպքում մեկ օրը հաշվարկվում է մեկ օրվա դիմաց:
5. Մինչև դատական քննությունը կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով կալանքի տակ պահելու ժամկետը, մեղմացնում է նշանակված պատիժը կամ լրիվ ազատում պատիժը կրելուց:
6. Հանցանքը կատարելուց հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու ժամկետը հաշվակցվում է պատժի ժամկետին: (69-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն)
⚖Հոդված 70. Պատիժը պայմանականորեն չկիրառելը
1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
3. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան՝ մեկից հինգ տարի ժամկետով:
4. Ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելիս կարող են նշանակվել լրացուցիչ պատիժներ, բացի գույքի բռնագրավումից:
5. Պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս դատարանը դատապարտյալի վրա կարող է դնել որոշակի պարտականություններ՝ չփոխել մշտական բնակության վայրը, բուժման կուրս անցնել ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, վեներական հիվանդությունից կամ թունամոլությունից, նյութական օգնություն ցույց տալ ընտանիքին: Դատարանը, դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ կամ առանց դրա, դատապարտյալի վրա կարող է դնել նաև նրա ուղղմանը նպաստող այլ պարտականություններ կամ փոխարինել դրանք:
6. Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում չարամտորեն խուսափում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելուց՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ, ինչպես նաև անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու վերացման հարցը լուծում է դատարանը:
7. Փորձաշրջանի ընթացքում անձի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը և պատիժ նշանակում սույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Նույն կանոններով պատիժ է նշանակվում նաև նոր անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում, եթե դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը: (70-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ., լրաց. 15.11.06 ՀՕ-180-Ն)