Հոդված 367. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
Հոդված 367. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
1. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը պահակախմբի կամ պարեկախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից, եթե այդ արարքն առաջացրել է այնպիսի վնասակար հետևանքներ, որոնց կանխման համար կարգված է եղել տվյալ պահակը կամ պարեկը՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
2.1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը ծանր հետևանքներ է պատճառել`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
(367-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.07 ՀՕ-275-Ն, լրաց., փոփ. 30.04.13 ՀՕ-34-Ն)
⚖Հոդված 368. Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
1. Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբից և պարեկախմբից) ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ներքին ծառայության կանոնագրքային կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է ծանր հետևանքներ`
պատժվում է կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
(368-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.11.07 ՀՕ-275-Ն, լրաց., փոփ. 30.04.13 ՀՕ-34-Ն)