Հոդված 344. Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը
Հոդված 344. Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-72-Ն)
1. Դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը՝ կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք զուգորդվել են անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
(344-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 21.01.20 ՀՕ-72-Ն)
⚖Հոդված 345. Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները
1. Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա խոշոր չափերով գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելն այն անձի կողմից, ում այդ գույքը վստահված է եղել, ինչպես նաև վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով (ավանդներով) խոշոր չափերով բանկային գործառնություններ իրականացնելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Դատարանի դատավճռով բռնագրավման ենթակա գույքը թաքցնելը կամ յուրացնելը, ինչպես նաև գույքի բռնագրավման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից այլ ձևով խուսափելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
(345-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ., լրաց. 16.05.16 ՀՕ-83-Ն)