Հոդված 321. Կապի ուղիները վնասելը
Հոդված 321. Կապի ուղիները վնասելը
Կապի ուղիների պահպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ վնասել է միջազգային կապի մալուխային ուղիները, եթե առաջացել է կապի ընդհատում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
⚖Հոդված 322. Ինքնիրավչությունը
1. Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
(322-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)