Հոդված 132.3. Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը
Հոդված 132.3. Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը
1. Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը, եթե այդ անձի շահագործման վիճակի մեջ լինելը ակնհայտ է ծառայությունից օգտվողի համար, և եթե հանցագործություն կատարած անձի արարքում բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) ակնհայտ անչափահասի նկատմամբ,
2) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
4) երկու կամ ավելի անձանց նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
3. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին տուժողի մասին կամովին տեղեկություններ հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:
(132.3 -րդ հոդվածը լրաց. 01.03.11 ՀՕ-69-Ն)
⚖Հոդված 133. Ազատությունից ապօրինի զրկելը
1. Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առևանգելու հետ կապված չէ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,
4) անչափահասի նկատմամբ,
5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
7) շահադիտական դրդումներով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
(133-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)