Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 189.1. Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը

գործել է մինչև 2022-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 189.1. Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը

1. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները`

1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է խոշոր չափերով գումար կամ գույք,

2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս,

3) որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները`

1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք,

2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս,

3) որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

4. Սույն հոդվածի իմաստով՝ ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության), որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքը իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության:

5. Սույն հոդվածում խոշոր չափ և խոշոր գույքային վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ և առանձնապես խոշոր գույքային վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:

6. Սույն հոդվածում գույքային վնասի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բուրգում ներգրավված բոլոր անձանց, այդ թվում՝ կազմակերպություններին, ինչպես նաև պետությանը պատճառված միասնական վնասը:

7. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծող, կազմակերպող կամ ղեկավարող անձը ազատվում է սույն հոդվածով սահմանված քրեական պատասխանատվությունից, եթե այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին, նպաստել է ֆինանսական բուրգի գործունեության խափանմանը և հատուցել է ֆինանսական բուրգի՝ իր կողմից ստեղծված, կազմակերպված կամ ղեկավարվող մասի գործունեության հետևանքով պատճառված վնասները, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

(189.1-ին հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-216-Ն)

&#9878Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)

(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-114-Ն)

1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) խոշոր չափերով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

5. Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է համարվում սույն օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը, որն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է սույն օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում:

(190-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-16-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ. 28.11.06 ՀՕ-206-Ն, փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-84-Ն, փոփ., խմբ. 21.06.14 ՀՕ-114-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։