Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրները
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրները
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրներն են՝ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իրավաբանական անձանց իրավունքները, սեփականությունը, շրջակա միջավայրը, հասարակական կարգը և անվտանգությունը, սահմանադրական կարգը, խաղաղությունը և մարդկության անվտանգությունը, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
2. Այդ խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ամրագրում է քրեական պատասխանատվության հիմքն ու քրեական օրենսդրության սկզբունքները, որոշում, թե հանրության համար վտանգավոր որ արարքներն են համարվում հանցագործություններ, և սահմանում է պատժի տեսակներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ՝ դրանք կատարելու համար:
⚖Հոդված 3. Քրեական պատասխանատվության հիմքը
Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:
⚖Հոդված 4. Քրեական օրենսդրության սկզբունքները
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը հիմնվում է օրինականության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման ու մարդասիրության սկզբունքների վրա:
⚖Հոդված 5. Օրինականության սկզբունքը
1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:
2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է: