Հոդված 267.1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը
Հոդված 267.1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը
1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափերով.
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների խոշոր չափերով.
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
4. Սույն հոդվածի առաջին, երկրորդ կամ երրորդ մասերով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների առանձնապես խոշոր չափերով.
2) կազմակերպված խմբի կողմից.
3) մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
(267.1-ին հոդվածը լրաց. 16.05.16 ՀՕ-83-Ն)
⚖Հոդված 268. Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի
(վերնագիրը փոփ. 26.05.08 ՀՕ-76-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն)
1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
2) խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
(268-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 26.05.08 ՀՕ-76-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն)