Հոդված 272. Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը
Հոդված 272. Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը
(վերնագիրը փոփ. 26.05.08 ՀՕ-76-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն)
1. Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը, որը կատարվել է՝
1) անչափահասի նկատմամբ,
2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2.1) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
3) խաբեությամբ,
4) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
(272-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-76-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն)
⚖Հոդված 273. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը
(վերնագիրը փոփ. 26.05.08 ՀՕ-76-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-241-Ն)
1. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կազմակերպված խմբի կողմից,
2.1) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
3) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
3. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(273-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-76-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն, խմբ., փոփ., լրաց. 06.12.17 ՀՕ-241-Ն)