Հոդված 323. Պետական պարգևները հափշտակելը
Հոդված 323. Պետական պարգևները հափշտակելը
Պետական պարգևները հափշտակելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
⚖Հոդված 324. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը
1. Քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
(324-րդ հոդվածը լրաց. 30.11.11 ՀՕ-292-Ն)
⚖Հոդված 325. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը
(վերնագիրը փոփ. 21.12.15 ՀՕ-180-Ն)
1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
(325-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 21.12.15 ՀՕ-180-Ն)
⚖Հոդված 326. Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը
(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-102-Ն)
Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև այդպիսի փաստաթղթերի ձևաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
(326-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 21.06.14 ՀՕ-102-Ն)
⚖Հոդված 327. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը
(վերնագիրը լրաց. 16.12.05 ՀՕ-34-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-151-Ն)
1. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով,
2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝
պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:
(327-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.05 ՀՕ-34-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-151-Ն, 28.10.20 ՀՕ-465-Ն)