Հոդված 372. Ռազմական գույքը կորցնելը կամ փչացնելը
Հոդված 372. Ռազմական գույքը կորցնելը կամ փչացնելը
1. Զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար իրեն տրամադրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները զգալի չափերով, ինչպես նաև ծառայողական օգտագործման համար իրեն վստահված զենքը, ռազմամթերքը կամ ռազմական այլ գույքը կորցնելը կամ փչացնելը, որը կատարվել է դրանց պահպանության կանոնների խախտմամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
(372-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.11.07 ՀՕ-275-Ն, խմբ., լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն)
⚖Հոդված 373. Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը
1. Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթև կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս կամ առաջացրել է ռազմական տեխնիկայի ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` երկուսից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:
(373-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-275-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն)