Հոդված 10. Ընտրողներին ցուցակում ընդգրկելը
Հոդված 10. Ընտրողներին ցուցակում ընդգրկելը
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք, որոնք քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ:
2. Յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ:
3. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Լիազոր մարմինը դիմողին այդ մասին տրամադրում է համապատասխան տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3․1․Ընտրությունների ժամանակ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, կարող են լիազոր մարմին դիմում ներկայացնել՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ իրենց նախընտրած վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը։ Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և լրացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։ Լիազոր մարմինը դիմողին տրամադրում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում լրացնելու մասին տեղեկանք։ Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այլ անձի անունից դիմում ներկայացվելու դեպքում անձը պարտավոր է ներկայացնել լիազորագիր։
Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
4․ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները և տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները կարող են ընդգրկվել այն ընտրական տեղամասի՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ նշանակված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ կամ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետներ՝ ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումը լիազոր մարմին կարող է ներկայացվել նաև նրան նշանակող կուսակցության կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն: Դիմումի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
5. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողներն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, լիազոր մարմին ներկայացնում են դիմում` ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
5.1.
6. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն) քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, կազմում է քվեարկության օրն ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ցուցակը` նշելով ոստիկանության ծառայողների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը և օրը (այսուհետ` ամսաթիվ), հաշվառման վայրի հասցեն և ընտրական տեղամասի համարը: Լիազոր մարմինը, ըստ այդ ցուցակների, ոստիկանության ծառայողներին ժամանակավորապես հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկում է ըստ գործուղվող տեղամասերի ընտրողների ցուցակում:
7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող և քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը` նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման վայրի հասցեն:
Լիազոր մարմինը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին ժամանակավորապես հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և, սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան, կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ:
8. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայողները, ինչպես նաև զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված պայմանագրային զինծառայողները և նրանց հետ նույն տարածքում հաշվառված ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամներն ընդգրկվում են զորամասի ընտրողների ցուցակում:
9. Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 10 օր և 6 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 10 օր և 6 օր առաջ, պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը լիազոր մարմին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
10. Զորամասի տարածքից դուրս հաշվառված պայմանագրային զինծառայողներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
11. Քրեակատարողական հիմնարկի պետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր, 5 օր և 3 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների թիվը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակը կազմում է քրեակատարողական հիմնարկի պետը՝ քվեարկության օրվանից 3 օր առաջ:
(10-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ., խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-493-Ն)
(հոդվածի 1-ին մասը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)