Հոդված 140. Քվեաթերթիկները
Հոդված 140. Քվեաթերթիկները
1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվում են միևնույն չափերի առանձին քվեաթերթիկներ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր ձախ և աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ այդ կուսակցության համարին համապատասխան սիմետրիկ նշում` սև գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում այլ կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:
2. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի վրա նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները։
Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում քվեաթերթիկում փոփոխություն չի կատարվում:
Գրանցման համար սահմանված ժամկետի հաջորդ օրը ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվում են հերթական համարներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` վիճակահանությամբ: Նշված համարները փոփոխման ենթակա չեն: Նույն օրը նշանակված մեկից ավելի համայնքներում ընտրություններ անցկացվելու դեպքում տարբեր համայնքներում ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները հանդես են գալիս նույն համարով:
3. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում կիրառվում է նաև «դեմ եմ» բառերը պարունակող քվեաթերթիկ։ «Դեմ եմ» քվեաթերթիկն իր ձախ և աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ սիմետրիկ նշում` սև գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում կուսակցության քվեաթերթիկի առկայությունը։
(140-րդ հոդվածը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն, 14.07.22 ՀՕ-311-Ն)
(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(14.07.22 ՀՕ-311-Ն օրենքն ունի անցումային դրույթ)