Հոդված 43. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը
Հոդված 43. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը
(վերնագիրը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն)
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմված է 7 անդամից: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է 6 տարի ժամկետով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուներին ընտրելու համար իր պաշտոնական կայքում հրապարակում և զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է տարածում քաղաքացիների դիմումների ներկայացման ժամկետների և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջների մասին: Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դիմումների ներկայացման ժամկետը պետք է ընդգրկի հայտարարության հրապարակումից հետո առնվազն երկու շաբաթ, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է ընտրություններ նշանակվելուց հետո։ Ընտրություններ նշանակվելուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում կարող են սահմանվել դիմումները ներկայացնելու ավելի կարճ ժամկետներ։
5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամ կարող են նշանակվել այն քաղաքացիները, որոնք սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են դիմում` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար, և որոնք համապատասխանում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին:
6. Եթե դա չի խախտի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տարբեր սեռերի հավասարության չափանիշը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն լինելու դեպքում կարող է`
1) նշանակել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմն ամբողջությամբ.
2) նշանակել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմը մասնակի կամ
3) կրճատել քննարկման ենթակա թեկնածուների ցանկը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմի չձևավորված մասն ընտրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` սույն օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված նախապատվության քվեակարգով:
8. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը բավարար չէ հանձնաժողովի կազմավորման, այդ թվում` տարբեր սեռերի հավասարության չափանիշի պահպանման համար, ապա հանձնաժողովի անդամների թափուր տեղերը լրացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ անցած և որակավորման վկայականներ ստացած անձանցից:
8.1.
8.2.
8.3.
9. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն հոդվածով սահմանված կարգով` 21-օրյա ժամկետում:
10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին ընդունվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտման օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջ:
11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստի օրը և ժամը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը մինչև հանձնաժողովի նախագահի ընտրվելը վարում է հանձնաժողովի` տարիքով ավագ անդամը: Կազմավորված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր լիազորություններն ստանձնում է գործող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտման օրը` ժամը 12.00-ին:
12. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին, հանձնաժողովների նախագահների տեղակալներին և հանձնաժողովների քարտուղարներին ընտրում են համապատասխան հանձնաժողովներն իրենց կազմերից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով:
(43-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-70-Ն, փոփ., խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն, խմբ. 14.07.22 ՀՕ-311-Ն)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(14.07.22 ՀՕ-311-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)