Հոդված 132. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը
Հոդված 132. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը
1. Ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը, եթե`
1) չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված.
2) ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո).
3) կուսակցությունը լուծարվել է.
4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից.
5) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է.
6) կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին:
2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:
3. Ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը, եթե`
1) նա չունի ընտրվելու իրավունք.
2) նրա վերաբերյալ չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:
4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցման վերաբերյալ ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:
5. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ցուցակից:
(132-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-2-Ն)
(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)