Հոդված 21. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգը
Հոդված 21. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգը
1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն անարգել տարածելու քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր:
2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`
1) հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա.
2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:
Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից:
Նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր:
2.1.
3. Նախընտրական քարոզչությունն սկսելուց 10 օր առաջ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել (բացառությամբ հանրակրթական դպրոցների)` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես): Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն է:
3.1.
4. Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին որոշումը 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:
5. Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրման դեպքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովում են ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ:
6. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակներն ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրելու համար ընտրությունները նշանակվելուց հետո` 10-օրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են տեղեկատվություն՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվող վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ: Տեղեկությունները տրամադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Այն վահանակները, որոնք բացակայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցանկում, հետագայում չեն կարող տրամադրվել ընտրություններին մասնակցող կուսակցություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տեղեկությունները տեղադրում է հանձնաժողովի համացանցային կայքում: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են հայտեր՝ այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով: Այս տեղեկությունների հիման վրա արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրություններին մասնակցող կուսակցությունն արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում է պայմանագիր` քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութ փակցնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր՝ այդ վահանակն այլ նպատակներով օգտագործելու: Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:
Փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը քվեարկության օրը և դրա նախորդ օրը կարող են մնալ իրենց տեղերում:
7. Արգելվում են քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը:
8. Ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո համայնքի ղեկավարը, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների ղեկավարներն ապահովում են, որ գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանվեն:
Գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից եռօրյա ժամկետում քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը չհանելու դեպքում դրանք հանում է համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարը գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուներից, ընտրություններին մասնակցող կուսակցություններից կարող է պահանջել իր կատարած ծախսերի փոխհատուցում:
9. Սույն հոդվածի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պատվիրակված լիազորություն է:
Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում վերացման են ենթակա նաև կենտրոնական կամ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով պաստառները, տպագիր և այլ նյութերը այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, և որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները: Մինչև 5 քառակուսի մետր մակերեսով՝ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, տպագիր և այլ նյութերը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող՝ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող համարված պաստառները, տպագիր և այլ նյութերը ենթակա են վերացման, եթե նշված պաստառների, տպագիր և այլ նյութերի ծախսերը սահմանված կարգով չեն ներառվում նախընտրական հիմնադրամում:
10. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:
11. Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը: Անանուն կամ համապատասխան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից չպատրաստված քարոզչական տպագիր նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ ընտրական հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` ոչ իրավաչափ գործողությունները դադարեցնելու համար:
12.
(21-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(հոդվածի 6-րդ մասը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)