Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-10-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 8 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 41. Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 41. Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները

1. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել սույն օրենսգրքի՝ համապատասխանաբար 42-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին համապատասխանող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

2. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք։ Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները։

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք ունեցող և ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական ունեցող անձինք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի համար կարող է սահմանել որակավորման ավելի բարձր չափանիշներ, քան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար:

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է այդ հանձնաժողովների անդամների ուսուցումը:

5. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար կազմակերպում և անցկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր սահմանած կարգին համապատասխան: Դասընթացները կազմակերպվում են Երևանում և մարզերում տարին առնվազն մեկ անգամ՝ քաղաքացիների դիմումների, կուսակցությունների ներկայացրած ցուցակների հիման վրա: Ներկայացված ցուցակներում ընդգրկված, ինչպես նաև դիմում ներկայացրած անձինք մասնակցում են մասնագիտական դասընթացներին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես հրապարակված գրաֆիկին (օր, ժամ, վայր) համապատասխան: Նշված անձինք կարող են մասնակցել ստուգարքին՝ անկախ դասընթացին մասնակցելու հանգամանքից` հրապարակված գրաֆիկին համապատասխան: Որակավորման վկայականները տրվում են ստուգարքի հիման վրա: Ստուգարքն անցկացվում է համակարգչային կամ թեստային ստանդարտ եղանակով: Դասընթացների, ստուգարքի ընթացքին կարող են հետևել զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

6. Քաղաքացին միաժամանակ կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանված են ընտրությունների քվեարկության անցկացման տարբեր օրեր: Եթե մեկ բնակավայրում կազմավորվել են մեկից ավելի տեղամասային կենտրոններ, ապա անձը կարող է լինել միայն այն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, որին սպասարկող տեղամասային կենտրոնը տեղակայված չէ իր աշխատանքի վայրում։

7. Ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

8. Ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հետո հանձնաժողովի անդամները մասնակցում են ընտրությունների անցկացման վերաբերյալ գործնական դասընթացներին, որոնք կազմակերպում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ իր սահմանած ժամանակացույցին համապատասխան։ Գործնական դասընթացներին մասնակցությունը պարտադիր է։

(41-րդ հոդվածը փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն, փոփ., խմբ. 20.10.16 ՀՕ-158-Ն, փոփ., լրաց. 04.05.18 ՀՕ-318-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-70-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-213-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։