Հոդված 8. Ընտրությունների հրապարակայնությունը
Հոդված 8. Ընտրությունների հրապարակայնությունը
1. Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունումից հետո՝ մինչև հաջորդ օրվա ավարտը, իսկ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակահատվածում` նույն օրը, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Այդ ակտերն ընդունվելուց հետո՝ մինչև հաջորդ օրվա ավարտը, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
3. Ընտրությունների կազմակերպման և անցկացման հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու, հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի, «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի անվտանգությունը, պաշտպանվածությունը և անխափան աշխատանքն ապահովելու, ընտրական հանձնաժողովներին սույն օրենսգրքով վերապահված լիազորությունները պատշաճ իրացնելու նպատակով համապատասխան ընտրական հանձնաժողովներն ապահովվում են անհրաժեշտ ծրագրատեխնիկական և կապի միջոցներով, սարքավորումներով և գույքով:
4. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական ծրագրերը կարող են հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կարող են հրապարակել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության՝ իրենց կողմից առաջարկվող կառուցվածքը և կազմը։
5. Գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, թեկնածուները համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր:
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիր:
Հայտարարագրում նշվում են սույն օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները:
Հայտարարագրերի ձևերը (էլեկտրոնային ձևերը) և ներկայացման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
6. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) և թեկնածուների հայտարարագրերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով և տեղադրվում հանձնաժողովի համացանցային կայքում։
7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:
8. Ընտրողները սույն օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմերի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, քվեարկության օրվա, տեղի, ժամանակի, քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ տեղեկատվություն է հրապարակում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության, այն համայնքի, որտեղ անցկացվում է ընտրություն, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ ներկայացնելու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, ինչպես նաև քվեարկության օրվա մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, իր համացանցային կայքում հրապարակում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցը, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ նաև արտահերթ ընտրությունների ժամանակացույցը։
9. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են մինչև ժամը 11.30-ը, 14.30-ը, 17.30-ը և 20.30-ը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հաղորդել համապատասխանաբար մինչև ժամը 11.00-ն, 14.00-ն, 17.00-ն և 20.00-ն տվյալ ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն այդ տվյալները նույն պարբերականությամբ ամփոփում, հրապարակում և հաղորդում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրը` ժամը 9.00-ին, տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12.00-ից սկսած` մինչև ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ, ըստ մարզերի, մարզկենտրոնների, 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի, հրապարակում է տեղեկություններ՝ մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ: Քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին տեղեկությունների հրապարակումից հետո դրանք, ըստ ընտրական տեղամասերի, տեղադրվում են հանձնաժողովի համացանցային կայքում:
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն մասով նշված տվյալները հրապարակում է հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայրից:
10. Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության հաջորդ օրը` ժամը 00.00-ից սկսած, իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը և հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում է ընտրական տեղամասից քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջին տեղեկությունները ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 36 ժամ հետո հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում է ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։
Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքներով որոշումն ընդունելուց հետո՝ ոչ ուշ, քան նիստի ավարտից հետո՝ մեկ ժամվա ընթացքում, քվեարկության արդյունքների վերջնական աղյուսակավորումը` ըստ ընտրական տեղամասերի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների ներբեռնելու հնարավորությամբ, տեղադրում է հանձնաժողովի համացանցային կայքում:
11. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում քվեարկության սենյակում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա գտնվելու վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների նիստերը (այդ թվում՝ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստը), ինչպես նաև քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը:
11.1. Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությունն իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով: Կառավարությունը մասնագիտացված կազմակերպության հետ կնքում է համապատասխան պայմանագիր, որով սահմանվում են նաև սույն մասով նախատեսված կարգով ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման կարգն ու պայմանները, ինչպես նաև տեղամասերի ցանկը։
Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և տեղամասային կենտրոնի համարը։
Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:
Սահմանված կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից տեսանկարահանվում և հեռարձակվում են նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերը և վերահաշվարկը։ Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը։
Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը և ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման և համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման և դրա որակի համար:
Մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում իրականացված տեսանկարահանված նյութերը հասանելի են մնում մասնագիտացված կազմակերպության համապատասխան կայքում մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը։ Կազմակերպության հետ կնքված պայմանագրով կարող է նախատեսվել ավելի երկար ժամկետ: Տեսանկարահանված նյութերի պատճենները գրավոր դիմումի հիման վրա կարող են տրամադրվել ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի շրջանակներում՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը, և դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության սահմանած պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ։
Տեսանկարահանված նյութերն արխիվացնում է մասնագիտացված կազմակերպությունը և պահպանում ընտրական փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:
12. Զորամասերում հաշվառված ընտրողների թիվը, ինչպես ընդհանուր, այնպես էլ ըստ ընտրական տեղամասերի, այն ընտրական տեղամասերի համարները և գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները, զորամասերում կազմվող ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից քաղվածքներ չեն կատարվում:
13. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան չորս օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկական սարքավորուﬓերով գրանցված ընտրողների տվյալների հիման վրա սույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ընտրողների ռեգիստրում լրացնում է ընտրողի մասնակցության մասին տեղեկատվություն, որը պահպանվում է մինչև քվեարկության արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկվելու դեպքում՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը։
(8-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-158-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ., խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն, խմբ. 14.07.22 ՀՕ-311-Ն)
(8-րդ հոդվածի փոփոխությունները կիրառվում են 20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` Ազգային ժողովի առաջին ընտրություններից սկսած)
(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածի 8-րդ մասը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)
(հոդվածի 11.1-ին մասը 14.07.22 ՀՕ-311-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ընտրություններին վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից` համաձայն նույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(14.07.22 ՀՕ-311-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)