Հոդված 151. Դատական ակտերի կատարման փուլում դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը
Հոդված 151. Դատական ակտերի կատարման փուլում դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը
1. Դատական ակտի կատարման փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը:
2. Դատապարտյալն իրավունք ունի դիմելու դատական ակտ կայացրած դատարան` դատական ակտի կատարումը հետաձգելու, հիվանդության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատժից ազատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարցերի մասին միջնորդություններով:
3. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս դատապարտյալն իրավունք ունի մասնակցելու դատական նիստին, տալու բացատրություններ, ներկայացնելու ապացույցներ, հարուցելու միջնորդություններ, հայտնելու բացարկներ, ծանոթանալու գործի նյութերին, բողոքարկելու դատարանի գործողությունները և որոշումները:
3.1. Սույն գլխով և սույն օրենսգրքի 30-րդ գլխով նախատեսված բանավոր ընթացակարգով վարույթի դեպքում դատական նիստին ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցությունը կարող է ապահովվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով)՝ դատապարտյալի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ՝ հասարակական կարգի կամ առողջության կամ դատապարտյալի անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում դատական վարույթի իրականացումն ապահովելու նպատակով:
3.2. Տեսակապի միջոցով դատական նիստին ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցության դեպքում պետք է երաշխավորվի, որ՝
1) դատական նիստին ներկայացած անձինք և դատապարտյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց.
2) դատապարտյալը և նրա փաստաբանը դատական նիստի ընթացքում խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան.
3) դատապարտյալը հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով ծանոթանալու գործի նյութերին, հետազոտելու բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը։
3.3. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովվել, եթե՝
1) տեսակապով մասնակցության դեպքում հնարավոր չէ ապահովել սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված պայմաններից մեկը.
2) տեսակապով մասնակցության դեմ փաստարկված առարկում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը կամ դատախազը.
3) դատարանի նախաձեռնությամբ տեսակապով մասնակցության ապահովման դեմ փաստարկված առարկում է դատապարտյալը:
3.4. Եթե սույն հոդվածի 3.3-րդ մասով նախատեսված հանգամանքները ծագում են դատական նիստին դատապարտյալի մասնակցությունը տեսակապով ապահովելու մասին որոշման կայացումից հետո, ապա դատարանը կայացնում է դատապարտյալի մասնակցությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում:
3.5. Դատական նիստին տեսակապի միջոցով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցությունը և դատական նիստի ընթացքում դատապարտյալի ու նրա փաստաբանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար դատական նիստերի դահլիճում և քրեակատարողական հիմնարկներում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը, չափանիշները և օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Եթե դատապարտյալն օտարերկրյա այնպիսի պետության քաղաքացի է, որն ունի Հայաստանի Հանրապետության հետ դատապարտյալների փոխանցման մասին միջազգային պայմանագիր, կամ փոխանցման հնարավորությունը նախատեսված է փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա նա իրավունք ունի դիմելու որոշում կայացրած դատարան՝ որոշումն իր քաղաքացիության պետության տարածքում ի կատար ածելու հարցումով։
5. Դատապարտյալն իր իրավունքները կարող է իրականացնել անձամբ կամ փաստաբանի միջոցով: Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող դատապարտյալի նկատմամբ դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Տեսակապի միջոցով դատական նիստին ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցության դեպքում փաստաբանի մասնակցությունը պարտադիր է: Փաստաբանը կարող է դատական նիստին մասնակցել դատական նիստերի դահլիճում կամ տեսակապի միջոցով՝ դատապարտյալի գտնվելու վայրից:
(151-րդ հոդվածը լրաց. 02.07.26 ՀՕ-336-Ն)
(02.07.26 ՀՕ-336-Ն օրենքն ունի անցումային դրույթ)