Հոդված 165. Դատական ակտերի բողոքարկումը
Հոդված 165. Դատական ակտերի բողոքարկումը
1. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝
1) դատախազը.
2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը.
3) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը՝ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ.
4) տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը՝ սույն օրենսգրքի 160.1-ին հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ։
3. Բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները.
2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը.
3) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը՝ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ.
4) տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը՝ սույն օրենսգրքի 160.1-ին հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ:
5. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կարգավորումները:
(165-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.12.22 ՀՕ-582-Ն, խմբ. 16.01.24 ՀՕ-33-Ն)
(23.12.22 ՀՕ-582-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(16.01.24 ՀՕ-33-Ն օրենքն ունի անցումային դրույթ)