Հոդված 11. Տոկոսներ
Հոդված 11. Տոկոսներ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են՝ այդ Պետության օրենքներին համաձայն, բայց այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը, եթե ստացողը տոկոսների փաստացի սեփականատերն է:
3. Չնայած 2-րդ կետի դրույթներին՝ 1-ին կետում նշված ցանկացած տոկոս կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում ստացողը, եթե այդպիսի ստացողը տոկոսների փաստացի սեփականատերն է, և եթե կատարվում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
ա) այդպիսի ստացողը Պայմանավորվող պետությունն է, նրա վարչատարածքային ստորաբաժանումներից մեկը կամ տեղական իշխանությունները կամ կանոնադիր մարմինը, ներառյալ տվյալ Պետության կենտրոնական բանկը, կամ նման տոկոսները վճարվում են Պայմանավորվող պետության, նրա վարչատարածքային ստորաբաժանումներից մեկի կամ տեղական իշխանությունների կամ կանոնադիր մարմինների կողմից,
բ) նման տոկոսները վճարվում են որևէ պարտավորության կամ փոխառության կապակցությամբ, որը երաշխավորվում, ապահովվում կամ աջակցվում է Պայմանավորվող պետության կողմից կամ այլ անձի կողմից, որը գործում է Պայմանավորվող պետության անունից,
գ) նման տոկոսները վճարվում են որևէ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորումների ապառիկ գնման կապակցությամբ կամ մի ձեռնարկության կողմից մյուս ձեռնարկությանը ցանկացած ապրանքի կամ ծառայության ապառիկ մատակարարման կապակցությամբ, կամ
դ) նման տոկոսները վճարվում են որևէ բանկի կողմից երաշխավորված ցանկացած տեսակի փոխառության դիմաց:
4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն հոդվածի 2-րդ կետի կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:
5. «Տոկոսներ» տերմինը սույն Կոնվենցիայում օգտագործելիս նշանակում է՝ եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ հիպոթեքային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Սույն Կոնվենցիայի նպատակով ժամկետանց վճարման պատճառով կիրառվող տույժերը որպես տոկոսներ չեն դիտարկվում:
6. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) դրույթները:
7. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքը Պետությունն է, այդ Պետության քաղաքական ստորաբաժանումը, տեղական իշխանությունը կամ ռեզիդենտը: Սակայն երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է տոկոսների վճարման պարտավորությունը, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդ տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
8. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: