Հոդված 12. Ռոյալթի
Հոդված 12. Ռոյալթի
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այն առաջանում է՝ այդ Պետության օրենքներին համապատասխան, սակայն այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 5 տոկոսը, եթե ստացողը ռոյալթիի փաստացի սեփականատերն է:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն հոդվածի 2-րդ կետի կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:
4. «Ռոյալթի» տերմինը սույն Կոնվենցիայում օգտագործելիս նշանակում է՝ փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարում՝ գրական, արվեստաբանական կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոնկարների և ռադիո կամ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման համար օգտագործվող ձայներիզների կամ ֆիլմերի, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի, ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության համար:
5. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց առնչությամբ վճարվում է ռոյալթին, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) դրույթները:
6. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքը այդ Պետությունն է, այդ Պետության քաղաքական ստորաբաժանումը, տեղական իշխանության մարմինը կամ ռեզիդենտը: Սակայն երբ ռոյալթին վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի ռոյալթին համարվում է առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
7. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: