Հոդված 26. Անխտրականություն
Հոդված 26. Անխտրականություն
1. Պայմանավորվող պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվի այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան միևնույն հանգամանքների դեպքում հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունները, որին ենթարկվում կամ կարող են ենթարկվել մյուս Պետության քաղաքացիները: Այս դրույթը, չնայած 1-ին հոդվածի (Անձինք, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան) դրույթներին, կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:
2. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող՝ քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չեն ենթարկվի այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել տվյալ Պետության քաղաքացիները միևնույն հանգամանքների դեպքում:
3. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է լինի նվազ բարենպաստ, քան այդ մյուս Պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի որպես մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին հարկման նպատակներով այնպիսի անձնական զեղչերի, նվազեցումների և պակասեցումների թույլատրումը պարտավորեցնող դրույթ, որոնք Պայմանավորվող պետությունը շնորհել է իր ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:
4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի (Զուգորդված ձեռնարկություններ) 1-ին կետի, 11-րդ հոդվածի (Տոկոսներ) 8-րդ կետի կամ 12-րդ հոդվածի (Ռոյալթի) 7-րդ կետի դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարած տոկոսները, ռոյալթին և այլ վարձատրությունները, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպես պարտքը առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին:
5. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ կառավարվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չեն ենթարկվի առաջինը հիշատակված Պետությունում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն է կամ դրա հետ կապված պարտավորությունները, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթակվել առաջինը հիշատակված Պետության այլ համանման ձեռնարկությունները:
6. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձի կամ նրա համար՝ մյուս Պայմանավորվող պետությունում հարկային նպատակներով հաշվարկված կենսաթոշակային կազմակերպությանը կատարված մուծումները հարկային նպատակներով կդիտարկվեն նույն կերպ առաջինը հիշատակված Պետությունում, ինչպես որ այդ առաջինը հիշատակված Պետությունում հարկային նպատակներով հաշվարկված կենսաթոշակային կազմակերպությանը կատարված մուծումները՝ պայմանով, որ.
ա) այդպիսի ֆիզիկական անձը մուծումներ է կատարել այդ կենսաթոշակային ծրագրին մինչև առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտ դառնալը, և
բ) առաջինը հիշատակված Պետության իրավասու մարմինն ընդունում է, որ կենսաթոշակային ծրագիրը համապատասխանում է այդ Պետությունում հարկման նպատակների համար ճանաչված կենսաթոշակային ծրագրին:
Սույն կետի նպատակների համար «կենսաթոշակային ծրագիր» հասկացությունը ներառում է հասարակական ապահովագրական համակարգի շրջանակներում ստեղծված կենսաթոշակային ծրագիրը:
7. Չնայած 2-րդ հոդվածի (Ընդգրկված հարկեր) դրույթներին՝ սույն հոդվածի դրույթները կիրառվում են բոլոր տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ: