Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե միայն այդ ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող պետությունում չի իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը վերը նշված ձևով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:
2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն շահույթը, որը նա կարող էր ստանալ նույն կամ համանման պայմաններում իրականացնելով նույն կամ համանման գործունեություն՝ լինելով ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործելով միանգամայն անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցում համարել մշտական հաստատության նպատակների համար կրած ծախսերը, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ նրանից՝ այդ ծախսերը կրել է այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլ տեղ:
Սակայն չի թույլատրվի նվազեցնել այն գումարները, եթե այդպիսիք կան, որոնք մշտական հաստատության կողմից վճարված են (այլ կերպ, քան որպես փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա այլ գրասենյակներին՝ պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար՝ ռոյալթիների, հոնորարների կամ համանման այլ վճարումների տեսքով, մատուցված հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով կամ, բացառությամբ բանկային ձեռնարկության դեպքի, մշտական հաստատությանը տրամադրված փոխառության դիմաց վճարված տոկոսների տեսքով:
Նմանապես, մշտական հաստատության շահույթը որոշելիս հաշվի չեն առնվի մշտական հաստատությանը վճարված գումարները (այլ կերպ, քան որպես փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) ձեռնարկության գլխավոր գրասենյակի կամ նրա այլ գրասենյակների կողմից՝ պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար՝ ռոյալթիների, հոնորարների կամ համանման այլ վճարումների տեսքով, մատուցված հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով կամ, բացառությամբ բանկային ձեռնարկության դեպքի, կազմակերպության գլխավոր գրասենյակին կամ նրա այլ գրասենյակներին տրամադրած փոխառության դիմաց վճարված տոկոսների տեսքով:
4. Որքանով Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության ամբողջ շահույթն իր տարբեր ստորաբաժանումների միջև համամասնական բաշխման հիման վրա, 2-րդ կետը ոչ մի կերպ չի արգելի այդ Պայմանավորվող պետությանը հաշվառել հարկման ենթակա շահույթը ընդունված բաշխման եղանակի միջոցով: Այնուամենայնիվ, ընդունված բաշխման եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին:
5. Ոչ մի շահույթ չի վերագրվի մշտական հաստատությանը այդ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման հիման վրա:
6. Նախորդ կետերի նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ամեն տարի որոշվում է միևնույն եղանակով, եթե չկա այն փոխելու համար հիմնավոր և բավարար պատճառ:
7. Երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնց մասին առանձնին նշվում է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա: