Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում.
ա) «Պայմանավորվող պետություն» կամ «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են՝ Հայաստանի Հանրապետություն (Հայաստան) կամ Նիդերլանդների Թագավորություն (Նիդերլանդներ): «Պայմանավորվող պետություններ» տերմինը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետություն (Հայաստան) և Նիդերլանդների Թագավորություն (Նիդերլանդներ),
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետությունը և աշխարհագրական իմաստով օգտագործելիս նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքը, ներառյալ ներքին ջրերը, որոնց նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության իրավասությունը և ինքնիշխան իրավունքները՝ միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության համաձայն,
գ) «Նիդերլանդներ» տերմինը նշանակում է՝ Եվրոպայում գտնվող Նիդերլանդների Թագավորության մասը (ներառյալ նրա տարածքային ծովը) և այդ տարածքային ծովից դուրս ցանկացած գոտի, որոնց նկատմամբ, ըստ միջազգային իրավունքի, Նիդերլանդներն ունեն ծովի հատակի և նրա ստորին շերտի բնական պաշարների և այնտեղից բխող ջրերի հետախուզման և շահագործման նկատմամբ ինքնիշխան իրավունք և իրավասություն,
դ) «անձ» տերմինը ներառում է՝ ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է՝ ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
զ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
է) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է՝ ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետությունում փաստացի ղեկավարման վայր ունեցող ձեռնարկության կողմից շահագործվող նավով կամ օդանավով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում են բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,
ը) «քաղաքացի» տերմինը նշանակում է.
1. Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
2. Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա իր կարգավիճակը ստացած ցանկացած իրավաբանական անձ կամ կազմակերպություն,
թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
1. Հայաստանում՝ ֆինանսների նախարարը և պետական եկամուտների նախարարը կամ նրանց լիազոր ներկայացուցիչները,
2. Նիդերլանդներում՝ ֆինանսների նախարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը:
3. Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիայի կիրառման ընթացքում դրա որևէ տերմին, որի սահմանումը տրված չէ, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նրան այդ Պետության օրենքով տրված է այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան: