Հոդված 5. Մշտական հաստատություն
Հոդված 5. Մշտական հաստատություն
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է՝ գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:
2. «Մշտական հաստատություն» տերմինը, հատկապես, ներառում է.
ա) ղեկավարման վայր,
բ) մասնաճյուղ,
գ) գրասենյակ,
դ) գործարան,
ե) արհեստանոց, և
զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման կամ շահագործման ցանկացած այլ վայր:
3. Շինարարական հրապարակը կամ կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը համարվում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, երբ դրանց տևողությունը գերազանցում է տասներկու ամիսը:
4. Չնայած սույն հոդվածի նախորդ կետերի դրույթներին՝ «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.
ա) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ մատակարարման նպատակով,
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ մատակարարման նպատակով,
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,
դ) գործունեության հաստատուն վայրի պահպանումը ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,
ե) գործունեության հաստատուն վայրի պահպանումը ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,
զ) գործունեության հաստատուն վայրի պահպանումը բացառապես «ա»-ից «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար՝ պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության հաստատուն վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:
5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ այն դեպքում, երբ անկախ կարգավիճակով գործակալ համարվող անձից (որին վերաբերում է 6-րդ կետը) բացի այլ անձը գործում է Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում այդ ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասությունը, ապա այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող այդ Պետությունում՝ ցանկացած գործունեության առնչությամբ, որն այդ անձն իրականացնում է այդ ձեռնարկության համար, եթե միայն այդ անձի գործունեությունը չի սահմանափակվում 4-րդ կետում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության հաստատուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն, այդ գործունեության հաստատուն վայրը չի վերածում մշտական հաստատության:
6. Ձեռնարկությունը չի համարվի մշտական հաստատություն ունեցող Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պետությունում բրոքերի, սովորական կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով՝ պայմանով, որ այդպիսի անձինք գործեն իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:
7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը, վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին որևէ ընկերության չի դարձնում մյուս ընկերության մշտական հաստատություն:
Գ լ ու խ 3
Եկամուտների հարկում