Հոդված 39. Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը
Հոդված 39. Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը
1. Ընտրական հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով:
2. Ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը:
3. Օժանդակ աշխատանքների համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կազմավորում է մշտական հիմունքներով գործող աշխատակազմ` հանձնաժողովի քարտուղարի ղեկավարությամբ: Նման աշխատակազմ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ժամանակավոր հիմունքներով կարող է ստեղծվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Աշխատակազմի աշխատակիցների վարձատրության դրույքաչափերը որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
4. Ընտրական հանձնաժողովի նախագահը սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը:
5. Արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում: Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի մասին հանձնաժողովի նախագահը գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին:.ուղղ
6. Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
7. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: (3-րդ նախադասությունն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
8. Ընտրական հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով և վերադաս հանձնաժողովի կողմից կնքված գործավարության մատյան, որում պարտադիր կարգով գրառվում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված գործավարությունը` համապատասխան ամսաթվերով: Գործավարության մատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այն լրացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
9. Գործավարության մատյանում նշվում է նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության մասին: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
10. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել համապատասխան ընտրական հանձնաժողովի նիստերին: Երեք անհարգելի բացակայության դեպքում համապատասխան հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները:
(39-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն)