Հոդված 40.1. Ընտրական հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկման կարգը
Հոդված 40.1. Ընտրական հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկման կարգը
1. Ընտրական հանձնաժողովներում դիմումները (բողոքները) և առաջարկությունները քննարկվում և պատասխանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:
2. Ընտրական հանձնաժողովներում ընդունվում, մուտքագրվում և քննարկվում են միայն տվյալ ընտրական հանձնաժողովին հասցեագրված դիմումները (բողոքները) և առաջարկությունները (այսուհետ՝ դիմում):
3. Դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից, պարունակի նրա անունը, ազգանունը, բնակության հասցեն, տրման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը: Դիմումատուն պետք է հստակ սահմանի իր պահանջը, բերի հիմնավորումներ, իսկ հնարավոր ապացույցները կցի դիմումին: Առանց նշված տեղեկությունների` դիմումները և (կամ) դիմումատուի վերաբերյալ կեղծ տվյալներ պարունակող դիմումները համարվում են անստորագիր և չեն քննարկվում:
4. Դիմումը տրվում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը: Ստացված դիմումը մուտքագրվում է ընտրական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի տեղակալը դիմումը հասցեագրում է հանձնաժողովի անդամին: Դիմումում բարձրացված հարցերը ուսումնասիրում է հանձնաժողովի անդամը և ներկայացնում առաջարկություն դրանց լուծման վերաբերյալ: Դիմումատուն պարբերաբար կարող է տեղեկանալ իր դիմումի քննարկման ընթացքի մասին, անհրաժեշտության դեպքում ներկայացնել դիմումում բերված փաստերն ապացուցող հիմնավորումներ:
5. Օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ:
6. Դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի ստորագրությամբ: Դիմումի պատասխանը պատրաստած հանձնաժողովի անդամը ստորագրում է հանձնաժողովում պահվող դիմումի պատասխանի օրինակի վրա:
7. Ընտրական հանձնաժողովներում մուտքագրված դիմումների թափանցիկ ու արդարացի քննարկման և նրանց հետագա ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում են հանձնաժողովի անդամները և վստահված անձինք, դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
(40.1 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)