Հոդված 7. Ընտրությունների հրապարակայնությունը
Հոդված 7. Ընտրությունների հրապարակայնությունը
1. Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն:
2. Ընտրական հանձնաժողովների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող որոշումները պաշտոնական մամուլում հրապարակվում են որոշումն ընդունվելուց հետո` 3 օրվա ընթացքում:
3. Ընտրական հանձնաժողովի նախագահը, ընտրական հանձնաժողովների նիստերի և քվեարկության ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով, ապահովում է վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունն ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, նրանց համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ և հավասար պայմաններ:
4. Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության նախորդ օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների գրանցամատյանում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:
5. Քաղաքացիները, սույն օրենսգրքով սահմանված կարգով, տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետի, թեկնածուների առաջադրման, գրանցման, քվեարկության օրվա և ընտրությունների արդյունքների մասին:
6. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են երեքժամյա պարբերականությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տվյալներ հաղորդել քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նշված տվյալներն ամփոփում, հրապարակում և կենտրոնական ընտրական հանձնաժողով են հաղորդում երեքժամյա պարբերականությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են համարվում Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունները) քվեարկության օրը` ժամը 9.00-ին, տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12.00-ից սկսած` մինչև ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ մինչև նախորդ ժամն ընտրություններին մասնակցած ընտրողների թվի, ինչպես նաև ստացված դիմում-բողոքների վերաբերյալ: Ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին վերջնական տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակում է հաջորդ օրը` ժամը 12.00-ին:
7. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում, տեղամասային կենտրոնում իրավունք ունեն ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, հավատարմագրված դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
8. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները հրապարակում է Հայաստանի հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների միջոցով:
(7-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)