Հոդված 102. Կուսակցության ընտրական ցուցակի և դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելը կամ անվավեր ճանաչելը
Հոդված 102. Կուսակցության ընտրական ցուցակի և դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելը կամ անվավեր ճանաչելը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, եթե`
1) (1-ին ենթակետն ուժը կորցել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
Կուսակցության ընտրական ցուցակի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում կուսակցության ցուցակը գրանցվում է։
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակում ներառված քաղաքացու գրանցումը, եթե`
1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերը կեղծված են:
Կուսակցության ընտրական ցուցակում գտնվող անձի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
Կուսակցության ընտրական ցուցակում ներառված քաղաքացու գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է:
3. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժելու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) դիմել է գրավը հետ ստանալու պահանջով:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`
1) կուսակցության ընտրական ցուցակի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
5. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համարվում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`
1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
Նման դեպքում թեկնածուն հանվում է ցուցակից:
6. Կուսակցության ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում ընտրական գրավը, ինչպես նաև նախընտրական հիմնադրամում եղած միջոցները, փոխանցվում են պետական բյուջե:
7. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում գտնվող անձի գրանցումն անվավեր է ճանաչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
8. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, այն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան:
9. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա կուսակցության ցուցակը կամ դրանում ներառված քաղաքացին ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:
(102-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)