Հոդված 29. Դիտորդների հավատարմագրումը
Հոդված 29. Դիտորդների հավատարմագրումը
1. Սույն օրենսգրքի 28 հոդվածում նշված կազմակերպությունները և անձինք դիտորդական առաքելություն կարող են իրականացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:
2. Հավատարմագրվելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են հանձնվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագիրը, ինչպես նաև ըստ ներկայացված ցուցակների` դիտորդներին տրվող կնքված վկայականները համապատասխան կազմակերպություններին է հանձնում դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:
Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց վկայականները Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դեպքում կնքվում են նաև դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագիր ստացած համապատասխան կազմակերպությունների կնիքով:
4. Եթե դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ ներկայացրած կազմակերպությունների թվի մեծությունը կարող է տեխնիկական բարդություններ ստեղծել տեղամասային կենտրոնում քվեարկության և ձայների հաշվման համար, ապա առավելությունը տրվում է այն կազմակերպություններին, որոնք երաշխավորում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելը:
5. Հավատարմագրվելուց հետո դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից որևէ թեկնածուի կամ կուսակցության աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:
6. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրության ավարտից 10 օր հետո:
(29-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն)