Հոդված 12
Հոդված 12
Ռոյալթի
1. Պետությունում առաջացող և մյուս Պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթիները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի ռոյալթիները կարող են հարկվել նաև այն Պետությունում, որտեղ դրանք առաջանում են, և` այդ Պետության ազգային օրենսդրությանը համապատասխան. սակայն եթե ստացողը, լինելով ռոյալթիի փաստացի սեփականատեր, հանդիսանում է մյուս Պետության ռեզիդենտ, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի ընդհանուր գումարի 10 տոկոսը:
3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` ցանկացած տեսակի վճարում, որը ստացվում է որպես հատուցում գրական, արվեստաբանական կամ գիտական ստեղծագործությունների, ներառյալ ծրագրային ապահովման, կինոնկարների, ինչպես նաև ռադիոհեռարձակման, հեռուստատեսության կամ զանգվածային սպառման համար օգտագործվող ցանկացած արտադրանքի, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, դիզայնի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի տրամադրման համար կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության համար, և` վճարումներ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորումների օգտագործման կամ օգտագործման իրավունքի տրամադրման համար:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, հանդիսանալով մի Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, այնտեղ տեղակայված մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում է ռոյալթին, իրապես կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթները:
5. Համարվում է, որ ռոյալթիները առաջանում են Պետությունում, եթե վճարող է հանդիսանում այդ Պետության ռեզիդենտը: Սակայն եթե ռոյալթի վճարող անձը, անկախ Պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պետությունում ունի մշտական հաստատություն, որի առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիները վճարվում են այդպիսի մշտական հաստատության կողմից, ապա այդպիսի ռոյալթիները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ տեղակայված է մշտական հաստատությունը:
6. Եթե ռոյալթի վճարողի և դրա փաստացի սեփականատիրոջ միջև կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով ռոյալթիի գումարը, որը վերաբերում է օգտագործմանը, իրավունքին կամ տեղեկությանը, որոնց հիման վրա է վճարվում, գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և ռոյալթիի փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը ենթակա է հարկման յուրաքանչյուր Պետության ազգային օրենսդրության համապատասխան՝ պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները:
7. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում, եթե իրավունքների, որոնց նկատմամբ վճարվում է ռոյալթին, ստեղծման կամ փոխանցման հետ կապված` ցանկացած անձի հիմնական նպատակը կամ հիմնական նպատակներից մեկը եղել է սույն հոդվածից շահ ստանալը` այդպիսի իրավունքների ստեղծման կամ փոխանցման միջոցով: