Հոդված 7
Հոդված 7
Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
1. Պետության ձեռնարկության շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում, եթե միայն այդպիսի ձեռնարկությունը մյուս Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում կամ չի իրականացրել այնտեղ տեղակայված մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը մյուս Պետությունում իրականացնում է կամ իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում, բայց միայն այն մասով, որը վերագրվում է.
ա) այդ մշտական հաստատությանը,
բ) այդ մյուս Պետությունում ապրանքների կամ արտադրանքի վաճառքին, որոնք նույնական են մշտական հաստատության միջոցով վաճառվող ապրանքներին կամ արտադրանքին, կամ
գ) այդ մյուս Պետությունում իրականացվող այլ ձեռնարկատիրական գործունեությանը, որը իր բնույթով նույնական է նման մշտական հաստատության միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեությանը:
2. Հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, եթե Պետության ձեռնարկությունը մյուս Պետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն այնտեղ տեղակայված մշտական հաստատության միջոցով, ապա Պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ առանձին և անջատ ձեռնարկություն, զբաղված` այդպիսի կամ համանման գործունեությամբ, այդպիսի կամ համանման պայմաններով, և գործեր ամբողջովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է մշտական հաստատության նպատակների համար կատարված, փաստաթղթերով հիմնավորված ծախսերի նվազեցում, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչարարական ծախսերը, անկախ այն հանգամանքից` կատարված են դրանք այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե որևէ այլ տեղ:
Մշտական հաստատությունն իրավունք չունի հարկման բազայից նվազեցնել այն գումարները, որոնք մշտական հաստատության կողմից վճարվել են ձեռնարկությանը (այլ, քան կատարված ծախսերի փոխհատուցումը).
ա) պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար` ռոյալթիի, հոնորարների և այլ վճարումների տեսքով,
բ) մատուցած ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարների տեսքով,
գ) ձեռնարկության կողմից (բացառությամբ բանկերի) նրան տրամադրված փոխառության դիմաց՝ տոկոսների տեսքով:
Մշտական հաստատության շահույթը չպետք է ներառի այն գումարները (այլ, քան կատարված ծախսերի փոխհատուցումը), որոնք մշտական հաստատությունն ստացել է ձեռնարկությունից.
ա) պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար` ռոյալթիի, հոնորարների և այլ վճարումների տեսքով,
բ) մատուցած ծառայությունների կամ ղեկավարման համար` միջնորդավճարների տեսքով,
գ) նրա կողմից ձեռնարկությանը (բացառությամբ բանկերի) տրամադրված փոխառության դիմաց՝ տոկոսների տեսքով:
4. Ոչ մի շահույթ չի հաշվեգրվում մշտական հաստատությանը այդ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի միայն գնման հիման վրա:
5. Եթե շահույթը ներառում է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում դիտարկվող եկամուտների տեսակներ, ապա այդ հոդվածների դրույթները չեն ազդի սույն հոդվածի դրույթների վրա:
6. Սույն հոդվածի նախորդ կետերի նպատակների համար մշտական հաստատությանը վերաբերող շահույթը յուրաքանչյուր տարի որոշվում է միևնույն եղանակով, եթե չկան այդ կարգի փոփոխման ծանրակշիռ և բավարար պատճառներ: