Հոդված 13. Տնօրենների խորհրդի նիստերը
Հոդված 13. Տնօրենների խորհրդի նիստերը
1. Տնօրենների խորհրդի նիստերը պետք է գումարվեն առնվազն երեք ամիսը մեկ: Նիստերի գումարման և անցկացման կարգը սահմանվում է արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությամբ:
Տնօրենների խորհրդի նիստերը գումարում է տնօրենների խորհրդի նախագահը` իր, տնօրենների խորհրդի անդամի, արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի, արտաքին աուդիտն իրականացնող անձի գրավոր պահանջով:
2. Տնօրենների խորհրդի նիստերը կարող են գումարվել հեռակա կարգով` արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգի համաձայն: Տնօրենների խորհուրդը կարող է որոշումներ ընդունել այնպիսի նիստում, որի ժամանակ բոլոր մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային կապի, հեռուստակապի կամ կապի այլ միջոցներով` իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում:
3. Տնօրենների խորհրդի նիստերի քվորումը սահմանվում է արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությամբ, բայց չի կարող տնօրենների խորհրդի անդամների կեսից պակաս լինել: Տնօրենների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա տնօրենների խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:
Քվեարկության ժամանակ տնօրենների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի միայն մեկ ձայն: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի (այդ թվում` տնօրենների խորհրդի այլ անդամի) չի թույլատրվում: Ձայների հավասարության դեպքում տնօրենների խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
4. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը մասնակցում է տնօրենների խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:
5. Տնօրենների խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում: Արձանագրությունում նշվում են`
1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
2) նիստին մասնակցած անձինք.
3) նիստի օրակարգը.
4) քվեարկության դրված հարցերը, ինչպես նաև քվեարկության արդյունքները` ըստ նիստին մասնակցած տնօրենների խորհրդի յուրաքանչյուր անդամի.
5) քվեարկության դրված հարցերի վերաբերյալ տնօրենների խորհրդի անդամների և տնօրենների խորհրդի նիստին մասնակցող այլ անձանց կարծիքները.
6) նիստում ընդունված որոշումները:
Տնօրենների խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող անդամները, որոնք և պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների ճշտության և հավաստիության համար:
Տնօրենների խորհրդի նիստերը վարում և որոշումներն ստորագրում է տնօրենների խորհրդի նախագահը: Տնօրենների խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար: