Հոդված 37. Գործունեության հրապարակայնությունը
Հոդված 37. Գործունեության հրապարակայնությունը
1. Արժեթղթավորման հիմնադրամը պարտավոր է կազմել, Կենտրոնական բանկ ներկայացնել և իր ինտերնետային տնային էջում հրապարակել սույն օրենքով սահմանված կարգով ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման առնչությամբ կազմված եռամսյակային հաշվետվություններ: Եռամսյակային հաշվետվությունների ձևը, ներկայացման և հրապարակման կարգը և ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Եռամսյակային հաշվետվություններում պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները՝
1) ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների գումարը՝ անվանական արժեքի գումարի չափով, ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների մնացորդային արժեքը, ինչպես նաև ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների գումարը՝ անվանական արժեքի գումարի չափով, այդ ակտիվների զուտ ներկա արժեքը.
2) ակտիվներով ապահովված չմարված արժեթղթերի կառուցվածքը` ըստ ժամկետայնության, ինչպես նաև ապահովման միջոց հանդիսացող ակտիվների ֆիքսված տոկոսադրույքների ժամանակահատվածները` ըստ տարիների.
3) արժեթղթավորման հիմնադրամի կողմից կնքված ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, գործարքների ընդհանուր գումարային մեծությունը.
4) ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների տեղաբաշխումը՝
ա. ըստ ակտիվների անվանական արժեքի,
բ. եթե ակտիվը ապահովված է գրավով՝ ըստ գրավի առարկայի գտնվելու վայրի (եթե անշարժ գույք է), օգտագործման նպատակի և տեսակի.
5) ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների գծով կատարված վճարումները հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում.
6) ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների հետ կապված իրացված անշարժ գույքի քանակը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ իրացման գործընթացում գտնվող անշարժ գույքի թվաքանակը.
7) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում այն դեպքերի թվաքանակը, որոնց ժամանակ արժեթղթավորման հիմնադրամը միջոցներ է ձեռնարկել գրավի առարկան իրացնելու ուղղությամբ՝ կանխելու համար վնասները.
8) 90 օր և ավելի ժամկետանց դասակարգված ակտիվները.
9) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
2. Արժեթղթավորման հիմնադրամի կողմից ներկայացվող հաշվետվությունները և տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:
(37-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-199-Ն)