Հոդված 4. Արժեթղթավորման հիմնադրամի իրավական կարգավիճակը
Հոդված 4. Արժեթղթավորման հիմնադրամի իրավական կարգավիճակը
1. Արժեթղթավորման հիմնադրամը սույն օրենքին համապատասխան ստեղծված և բացառապես արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման նպատակ հետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Արժեթղթավորման հիմնադրամն ստեղծված է համարվում սույն օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից գրանցման օրվանից:
3. Արժեթղթավորման հիմնադրամի անվանումը պետք է ներառի «Արժեթղթավորման հիմնադրամ» բառը և չպետք է պարունակի նախաձեռնողի կամ վաճառողի անվանումները:
4. «Արժեթղթավորման հիմնադրամ» բառակապակցությունը կամ դրա ածանցյալներն իրենց անվանման մեջ կարող են օգտագործել միայն Կենտրոնական բանկում համապատասխան գրանցում ունեցող անձինք, դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ բառակապակցության օգտագործման իրավունքը վերապահվել է օրենքով կամ միջազգային պայմանագրով կամ եթե «Արժեթղթավորման հիմնադրամ» բառակապակցության օգտագործման իմաստից բխում է, որ խոսքն արժեթղթավորման հիմնադրամի` սույն օրենքով սահմանված գործունեությանը չի վերաբերում:
5. Արժեթղթավորման հիմնադրամներն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործելու, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ արժեթղթավորման հիմնադրամի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:
6. Արգելվում է Կենտրոնական բանկում համապատասխան գրանցում չունեցող անձանց կողմից «Արժեթղթավորման հիմնադրամ» բառակապակցության կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «Արժեթղթավորման հիմնադրամ» բառակապակցության կամ դրա ածանցյալների օգտագործումից ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է արժեթղթավորման հիմնադրամի` սույն օրենքով սահմանված գործունեությանը: