Հոդված 9. Արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությունը
Հոդված 9. Արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությունը
1. Արժեթղթավորման հիմնադրամի հիմնադիր փաստաթուղթն արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությունն է, որը սահմանում է՝
1) արժեթղթավորման հիմնադրամի անվանումը.
2) արժեթղթավորման հիմնադրամի գտնվելու վայրը.
3) տեղեկություններ հիմնադրի (հիմնադիրների) մասին՝ հիմնադիրների լրիվ ֆիրմային անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը.
4) արժեթղթավորման հիմնադրամի սկզբնական գույքի արժեքը, դրա ձևավորման աղբյուրները, այդ թվում՝ յուրաքանչյուր հիմնադրի ներդրման չափը.
5) արժեթղթավորման հիմնադրամի ծախսերի ուղղությունները, դրանց գումարային մեծությունները.
6) արժեթղթավորման հիմնադրամի գույքի տնօրինման և կառավարման կարգը.
7) արժեթղթավորման հիմնադրամի մարմինների կազմավորման կարգը, քանակական կազմը և իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.
8) արժեթղթավորման հիմնադրամի լուծարման կարգը.
9) այլ դրույթներ, որոնք չեն հակասում սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
2. Արժեթղթավորման հիմնադրամը պարտավոր է Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել իր կանոնադրությունում կատարված փոփոխությունները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ձևով:
3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխությունների գրանցման համար սահմանված փաստաթղթերն ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, գրանցում է կատարված փոփոխությունները կամ մերժում դրանց գրանցումը:
Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող է կասեցվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում կատարված փոփոխությունների գրանցումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում փոփոխությունները համարվում են գրանցված:
4. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին և այլ իրավական ակտերին և ներկայացվել են Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ձևով:
5. Սույն հոդվածով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից: