Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
ակտիվներ՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ակտիվներից այնպիսի դրամական միջոցներ և (կամ) դրանց նկատմամբ պահանջի իրավունքներ և (կամ) այլ ֆինանսական ակտիվներ, որոնք ապահովում են կամ կարող են ապահովել որոշակի դրամական ներհոսքեր.
ակտիվներով ապահովված արժեթղթեր՝ արժեթղթավորման հիմնադրամի կողմից սույն օրենքին համապատասխան թողարկված արժեթղթեր, որոնք ապահովված են ակտիվների խմբով, և որոնց դիմաց վճարումները գլխավորապես կախված են ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների դիմաց ստացվելիք վճարներից.
ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոցներ (ակտիվների խումբ)՝ ակտիվների համախումբ, որն ապահովում է այդ ակտիվներով ապահովված արժեթղթերի մեկ թողարկումը.
վարկային գրավչություն՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված միջոցներ, որոնք նպատակ ունեն բարձրացնելու ակտիվներով ապահովված արժեթղթերի իրացվելիությունը, ինչպես նաև այդ արժեթղթերի սեփականատերերի նկատմամբ պարտավորությունների կատարման հավանականությունը.
պարտապան՝ ցանկացած անձ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն արժեթղթավորման հիմնադրամին ակտիվների գծով վճարում կատարելու պայմանագրային պարտավորություն ունի.
թողարկող՝ արժեթղթավորման հիմնադրամ, որն արժեթուղթ է թողարկում (թողարկել) կամ իր անունից արժեթուղթ թողարկելու առաջարկություն է անում.
ներդրող՝ անձ, որին պատկանում է ակտիվներով ապահովված արժեթուղթը, կամ որը նախատեսում է ձեռք բերել ակտիվներով ապահովված արժեթուղթ.
ներդրողների լիազոր ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից նշանակված անձ, որը սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարումը.
նախաձեռնող՝ ակտիվների սկզբնական պարտատեր, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառում է ակտիվներն արժեթղթավորման հիմնադրամին.
մասնակցության վկայագիր՝ ոչ բաժնային անվանական, ձայնի իրավունք չտվող ներդրումային արժեթուղթ, որն իր տիրապետողին տվյալ ակտիվների խմբից ստացվող եկամուտներում, այլ ստացվելիք վճարներում, ինչպես նաև այդ ակտիվների իրացումից ստացված միջոցներում փայի իրավունք է տալիս.
մնացորդային արժեք՝ ակտիվների խմբի մնացորդային արժեք, որն իրենից ներկայացնում է արժեթղթավորման հիմնադրամի` ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկումից բխող պարտավորությունների կատարումից հետո մնացած եկամուտների, ակտիվների իրացումից ստացված և (կամ) ստացվելիք միջոցների կամ դրանց գծով այլ վճարների հանրագումարը.
արժեթղթավորում՝ գործընթաց, որի միջոցով նախաձեռնողը կամ վաճառողն արժեթղթավորման հիմնադրամին վաճառում է ակտիվներ՝ արժեթղթավորման հիմնադրամին փոխանցելով այդ ակտիվների նկատմամբ փոխանցման համար անհրաժեշտ բոլոր իրավունքները, իսկ արժեթղթավորման հիմնադրամը թողարկում է արժեթղթեր՝ ապահովված գնված ակտիվներով և այդ ակտիվներից ստացվող վճարներով.
վաճառող՝ անձ, որն արժեթղթավորման հիմնադրամին է վաճառում տարբեր նախաձեռնողներից ձեռք բերված ակտիվները: Վաճառող կարող է լինել նախաձեռնողը կամ բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը.
սպասարկող՝ բանկ կամ վարկային կազմակերպություն կամ սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող այլ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է ակտիվների գծով վճարումների հավաքագրումը և հաշվառումը, դրանց փոխանցումն արժեթղթավորման հիմնադրամին կամ մատուցում է սպասարկման պայմանագրով նախատեսված՝ ակտիվների հետ կապված այլ ծառայություններ, որոնք չեն հանդիսանում սույն օրենքով արժեթղթավորման հիմնադրամի կառավարչին և պահառուին վերապահված լիազորություններ:
Որպես սպասարկող կարող են հանդես գալ նաև նախաձեռնողը կամ վաճառողը:
Սպասարկման գործընթացում կարող են ընդգրկված լինել՝
1) գլխավոր կամ հիմնական սպասարկողը, որը պատասխանատու է ակտիվների ամբողջ խմբի համար, և որին հաշվետու են տարբեր ենթասպասարկողներ.
2) ենթասպասարկողը, որը պատասխանատու է ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների մի մասի համար, և որը հաշվետու է գլխավոր սպասարկողին.
3) փոխարինող սպասարկողը, որը ստանձնում է արժեթղթավորման հիմնադրամի հետ կնքված սպասարկման պայմանագրից բխող պարտավորություններն այն դեպքում, երբ գլխավոր սպասարկողի հետ կնքված սպասարկման պայմանագիրը դադարեցվում է, կամ վերջինս չի իրականացնում պայմանագրով ստանձնած պարտավորությունները.
պահառու՝ Կենտրոնական դեպոզիտարիա.
արժեթղթավորման հիմնադրամ՝ ոչ առևտրային կազմակերպություն, որն ստեղծվում և գրանցվում է որպես արժեթղթավորման հիմնադրամ՝ սույն օրենքին համապատասխան.
արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչ՝ առևտրային կազմակերպություն, որը սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է արժեթղթավորման հիմնադրամի կառավարումը.
2. Սույն օրենքով սահմանված այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով: