Հոդված 29. Ակտիվներով ապահովված արժեթղթերի գրանցումը, թողարկումը և տեղաբաշխումը
Հոդված 29. Ակտիվներով ապահովված արժեթղթերի գրանցումը, թողարկումը և տեղաբաշխումը
1. Սույն օրենքի դրույթները տարածվում են միայն սույն օրենքին համապատասխան ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի թողարկած՝ ակտիվներով ապահովված արժեթղթերի վրա:
2. Ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման հետ կապված և սույն օրենքում չներառված հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Ակտիվներով ապահովված արժեթղթերը կարող են տեղաբաշխվել փակ կամ հրապարակային տեղաբաշխումների միջոցով: Ակտիվներով ապահովված արժեթղթերը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, կարող են վաճառվել բորսայում կամ բորսայից դուրս:
4. Առանց Կենտրոնական բանկի նախնական թույլտվության նախաձեռնողին, վաճառողին արգելվում է ձեռք բերել ակտիվներով ապահովված արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման ծավալի 10 տոկոսից ավելին:
Կենտրոնական բանկի նախնական թույլտվության համար նախաձեռնողի, վաճառողի կողմից ներկայացվող փաստաթղթերը և թույլտվության տրամադրման ընթացակարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
5. Կենտրոնական բանկը չի առարկում ակտիվներով ապահովված արժեթղթերի՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չափից ավելին ձեռք բերելու գործարքին, եթե այն իրականացվում է բացառապես վարկային գրավչության նպատակով:
6. Ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով վճարումներն իրականացվում են ազդագրով սահմանված կարգով: