Հոդված 36. Արժեթղթավորման հիմնադրամի արտաքին աուդիտը
Հոդված 36. Արժեթղթավորման հիմնադրամի արտաքին աուդիտը
1. Յուրաքանչյուր տարի արժեթղթավորման հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով արժեթղթավորման հիմնադրամը պետք է ներգրավի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի (այսուհետ` նաև արտաքին աուդիտ)` կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր: Արժեթղթավորման հիմնադրամի արտաքին աուդիտին ընտրում է տնօրենների խորհուրդը` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել արժեթղթավորման հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող լրացուցիչ չափանիշներ:
2. Ցանկացած ժամանակ արժեթղթավորման հիմնադրամի արտաքին աուդիտ կարող է հրավիրվել նաև ներդրողի (ներդրողների) նախաձեռնությամբ՝ նրա միջոցների հաշվին:
3. Արժեթղթավորման հիմնադրամի արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսվի նաև աուդիտորական հաշվետվության (նամակ տնօրենների խորհրդին) կազմում: Արժեթղթավորման հիմնադրամն արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև արժեթղթավորման հիմնադրամի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում:
4. Արժեթղթավորման հիմնադրամում աուդիտ իրականացնելու ընթացքում արտաքին աուդիտի կողմից արժեթղթավորման հիմնադրամի ֆինանսական վիճակի՝ իր կարծիքով էականորեն վատթարացման փաստեր, ինչպես նաև գործունեության հետ կապված թերություններ ու խախտումներ հայտնաբերելու դեպքում արտաքին աուդիտը պարտավոր է դրանց մասին անմիջապես տեղյակ պահել Կենտրոնական բանկին:
5. Եթե աուդիտորական եզրակացությունը և (կամ) հաշվետվությունը կազմվել է սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, կամ աուդիտը չի իրականացվել օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ապա Կենտրոնական բանկն իրավունք ունի չընդունելու աուդիտորական եզրակացությունը և (կամ) հաշվետվությունը` այդ մասին տեղեկացնելով արտաքին աուդիտ իրականացնող անձին և պահանջելու արժեթղթավորման հիմնադրամի հաշվին աուդիտ իրականացնող այլ անձի կողմից նոր աուդիտ:
6. Արտաքին աուդիտի եզրակացությունը Կենտրոնական բանկին է ներկայացվում մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
7. Կենտրոնական բանկի պահանջով արտաքին աուդիտը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել արժեթղթավորման հիմնադրամի աուդիտորական ստուգման վերաբերյալ փաստաթղթերը, անգամ եթե դրանք առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք են պարունակում:
8. Սույն հոդվածով սահմանված պարտավորությունների չկատարման համար անկախ արտաքին աուդիտ իրականացնող անձը կրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն: