Հոդված 41. Արժեթղթավորման հիմնադրամի գործունեության հարկադիր դադարեցումը
Հոդված 41. Արժեթղթավորման հիմնադրամի գործունեության հարկադիր դադարեցումը
1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկում սույն հոդվածի դրույթներին համապատասխան արժեթղթավորման հիմնադրամի գործունեության հարկադիր դադարեցման և լուծարման ուղղությամբ:
2. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դեպքերում Կենտրոնական բանկի խորհուրդը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում արժեթղթավորման հիմնադրամի գործունեության հարկադիր դադարեցման մասին և նշանակում ներդրողների լիազոր ներկայացուցիչ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշման կայացման պահից ներդրողների լիազոր ներկայացուցչին են անցնում արժեթղթավորման հիմնադրամի կառավարման մարմինների իրավասությունները:
4. Ներդրողների լիազոր ներկայացուցիչը իրավասու է՝
1) կառավարելու ակտիվները՝ հօգուտ ներդրողների.
2) ազատելու արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամին, անդամներին և (կամ) արժեթղթավորման հիմնադրամի կառավարչին.
3) տրամադրելու երաշխիքներ կամ վարկային գրավչության այլ ձևեր՝ հօգուտ ներդրողների.
4) դադարեցնելու արժեթղթավորման հիմնադրամի սպասարկման պայմանագրերը կամ ծառայությունների մատուցման այլ պայմանագրեր.
5) Կենտրոնական բանկի համաձայնությամբ` նշանակելու փոխարինող սպասարկող կամ այլ ծառայություն մատուցող.
6) հանդես գալու որպես լուծարային կառավարիչ և իրականացնելու լուծարային կառավարչին` սույն օրենքի 42-րդ հոդվածով վերապահված լիազորությունները.
7) սույն մասի 1-6-րդ կետերում նշված գործառույթների իրականացման համար կատարելու անհրաժեշտ գործողություններ:
5. Արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամները, արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը և նրան ծառայություն մատուցող անձինք պարտավոր են`
1) ներդրողների լիազոր ներկայացուցչի պահանջով նրան փոխանցել արժեթղթավորման հիմնադրամի ակտիվները, հաշիվները, փաստաթղթերը.
2) համագործակցել ներդրողների լիազոր ներկայացուցչի հետ՝ նրա կողմից իր իրավունքների և պարտականությունների իրականացման ընթացքում.
3) չխոչընդոտել ներդրողների լիազոր ներկայացուցչի կողմից իր իրավունքների և պարտականությունների իրականացմանը:
6. Արժեթղթավորման հիմնադրամի պարտավորությունները մարվում են նրա լուծարային միջոցների հաշվին՝ սույն օրենքի 42-րդ հոդվածին համապատասխան: